Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հրեական «ջոկեր»՝ իսրայելաթուրքական «պոկերում»

Հրեական «ջոկեր»՝ իսրայելաթուրքական «պոկերում»
26.06.2026 | 18:22

Բավական է հերթական ճգնաժամը սկսվի թուրք-իսրայելական հարաբերություններում, հրեական կողմն անմիջապես խաղասեղանին է դնում իր զորեղ կռվանը՝ Հայոց ցեղասպանության «ջոկերը»: Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին անգամ չէ, որ խաղարկում են դիվանագիտական այս փորձված «բլեֆը»՝ թուրք պաշտոնակից-խաղընկերների, թերևս, ամենացավոտ զգայարանին դիպչելով:

Այս անգամ «բլեֆի» նախաձեռնողն Իսրայելի թիվ մեկ դիվանագետ, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն է: Հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստում կներկայացնի բանաձև՝ իշխանություններին կոչ անելով առաջին անգամ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Բնավ պարտադիր չէ դիվանագետ լինել կամ էլ պոկերի գիտակ, «ջոկելու» համար, որ իսրայելաթուրքական «մեծ պոկերում» հերթական անգամ Հայոց ցեղասպանության «ջոկերը» խաղացնելով որպես ամենաուժեղ, հատուկ միավորներ բերող և խաղի կանոնները փոխող քարտ, հրեաները պատմական արդարության մասին չէ, որ մտածում են: Նպատակն էլ, բնականաբար, Ցեղասպանության ճանաչումը չէ (դա երբեք չեն անի), այլ՝ պաշտոնական Անկարայի հակաիսրայելական հռետորաբանության զսպումը: Չմոռանանք, որ Էրդողանը պարբերաբար հանդես է գալիս կոշտ հայտարարություններով, իսկ Թուրքիան դեռևս պահպանում է Իսրայելի նկատմամբ առևտրային սահմանափակումները, որոնք մտցվել էին դեռևս 2024 թվականից։ Ավելորդ չէ հիշել նաև, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան հնարավոր է համարում միայն Գազայում իրավիճակի էական փոփոխության դեպքում։ Բայց խնդիրը միայն Գազան չէ: Թուրք-իսրայելական ներկայիս լարվածությունը վաղուց է վերածվել տարածաշրջանային առաջնորդության և ազդեցության գոտիների մրցակցության։ Գազա, Սիրիա, Իրանի հարց, Արևելյան Միջերկրական, էներգետիկ ու անվտանգային շահեր. այս բազմաճյուղ թնջուկն է Թուրքիա-Իսրայել խորքային ռազմավարական հակասության պատճառը։ Խառնիճաղանջ այս «պոկերում» բերել ու նորից Հայոց ցեղասպանության «ջոկեր» խաղարկել՝ առնվազն անբարո «բլեֆ» է հրեաների կողմից:

Ասա՝ Հոլոքոստի սարսափներ ապրած ժողովուրդ եք, ցեղասպանության դժոխքով անցած մեկ այլ ժողովրդի ողբերգությունն այս էլ որերորդ անգամ ինչու՞ եք դարձնում դիվանագիտական առևտրի նյութ: Թեև, ումից ինչ եմ պահանջում. պաղեստինցիների զանգվածային բնաջնջումն այսօր նույն ցեղասպանությունը չի՞: Մեկը լինի ձեր իրագործած ցեղասպանությունը ճանաչի, դուք եկել ձեր կնեսետ-մնեսետով թուրքի աչք եք իբր վախեցնում: Լավ էլ իրար արժանի խաղամոլներ եք: Սատանան ձեզ հետ, վայելեք ձեր արյունոտ պոկերը, բայց՝ մեզնից հեռու: Պատմական արդարությունն էլ երբևէ թե վերականգնվեց՝ Վերին Արդարությամբ կվերականգնվի:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 30994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ